Բացառիկ վիրահատություն՝ 97% արդյունքով

Արարատ հեռուստաընկերության անդրադարձը Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված բացառիկ դիմածնոտային վիրահատությանը։

Վիրահատության արդյունքում հաջողվել էր վերականգնել ակնակապճի ստորին և կողմնային պատերը, հայմորյան ծոցի առաջային պատը, ինչպես նաև այտոսկրի ելունները՝ 97% ճշգրտությամբ։
 

«Հայկ Թադևոսյանը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներից է։ Պատերազմի լուրը լսելուն պես 2020թ․ սեպտեմբերի 28-ին մեկնել է մասնակցելու զինվորական վարժանքներին, ինչից հետո էլ՝ ռազմի դաշտ։

Հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան ռմբակոծման ժամանակ Հայկը ստացել է դեմքի աջ կեսի ականապայթյունային բեկորային վիրավորում։ Տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան, և ենթարկվել մի քանի վիրահատությունների։ Նախ կատարվել է ակնակապճի ռեկոնստրուկցիա տիտանե թիթեղի հարմարեցված տարբերակով, որից հետո կատարվել են միկրովիրաբուժական և ակնաբուժական վիրահատություններ։

Վիրահատությունից որոշ ժամանակ անց Հայկի մոտ ի հայտ են եկել հետևյալ գանգատներ՝ ցավ դեմքի աջ կեսի շրջանում, գերզգայունություն, դիսկոմֆորտ տեղադրված մետաղի շրջանում, բերանի բացման սահմանափակում․․․

Հայկի խոսքով՝ հաճախ ցավեր է ունեցել բերանի հատվածում, նույնիսկ դեմքը շոշափելիս զգացել է մաշկի տակ տեղադրված իմպլանտը։ Պնդում է, որ նախկինում կատարված վիրահատությունները չեն տվել սպասված արդյունքը։

«Տիտանը դուրս էր էկել, մնացել էր միլիմետրներ, որ մաշկս ծակեր ու դուրս գար էդ սետկան։ Մոտեցել եմ մեր պրոֆեսորներին, ասել են, որ էս վիրահատությունն իդեալական է ինձ համար, սրանից ավելին չեն կարող անել։ Կտրել, ծալել, նորից փակել էին, բայց ես զգում էի, որ ցավերս դեռ կան»։
Հայկ Թադևոսյան - Պացիենտ

Հայկը սթ փետրվարի 6-ին՝ կրկին հետազոտվելու նպատակով որոշել էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն, սակայն մեկնումից օրեր առաջ՝ լսելով Hybrid Technologies ընկերության մասին, որոշում է Դիմել Նրանց։

«Հայկի հետ կապված աշխատանքի բարդությունները կայանում էին նրանում, որ իր մոտ արդեն իսկ տեղադրված էր իմպլանտ երկաթե կառուցվածքով։ Մենք որոշեցինք, ավելի բարդացնելով աշխատանքը, գնալ պացիենտի համար ավելի դրական ճանապարհով և երեք կտորից բաղկացած իմպլանտով ֆիքսեցինք այդ հատվածը։ Այսինքն մոդելավորեցինք այնպես, որ երեք մասնիկը կպնելով գանգի հիմնական մասին, ամրացնի նաև այտոսկրի բեկորը»։
Բագրատ Բաղդասարյան - Hybrid technologies ընկերության բիոինժեներ

Կենտրոնի մասնագետները Հայկին առաջարկում են 3D նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված վերջին մոդելի տիտանե թիթեղ տեղադրելու տարբերակը։

Վիրահատությունն իրականացում է Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿդիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, դիմածնոտային վիրաբույժ Նորայր Միքայելյանը։ Հայկի խոսքով նա միակ բժիշկն է եղել, որը համաձայնել է կատարել այսպիսի բարդ վիրահատություն։

«Մենք նախքան վիրահատությունը պլանավորել և 3D տարբերակով աճեցրել ենք գանգը։ Տեղադրել ենք մեր պլանավորած և աճեցրած 3D անհատական իմպլանտները, տեսել ենք որ նստում է ճիշտ տեղում, հպման մակերեսները ճիշտ են, հետո նոր պլանավորել ենք Հայկի վիրահատությունը։ Աչքի հատակը հավաքվել է, կողմնային պատը հավաքվել է, քունքային աղեղը վերականգնվել է, հայմորյան խոռոչի առաջային պատը վերականգնվել է նույնությամբ, ինչպես մյուս կողմում։ Մի խոսքով իրականացվել է դեմքի մի կեսի ամբողջական ռեկոնստրուկցիա՝ անհատական իմպլանտներով»։
Նորայր Միքայելյան – Դիմածնոտային վիրաբույժ, Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ-ի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ։

Մոտ 9 ժամ տևած վիրահատության արդյունքում արդեն տեղադրված 1 իմպլանտը փոխարինվում է 3D նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված բարձր որակի տիտանե 3 առանձին իմպլանտներով, որոնցով էլ վերականգնվում է Վերին ծնոտային ծոցի (#հայմորյան խոռոչի) առաջային պատի, #ակնակապճի և #այտոսկրի ամբողջականությունը, ինչպես նաև՝ դեմքի ֆունկցիոնալ շարժը։

«Էն ժամանակ երկար դաժե չէի կարող խոսել, ամբողջ աջ հատվածում մզմզում էր, ու ցավում էր։ Իսկ հիմա ոչ մի ցավ, ոչ մի տիպի զգացողություն չունեմ»։
Հայկ Թադևոսյան - Պացիենտ

Նյութի հեղինակ`
Սիլվա Վարդերեսյան

 

*-ով նշված դաշտերը պարտադիր են:

Ես կարդացել եմ տվյալների Գաղտնիության Քաղաքականությունը.

Passende Artikel
Նորայր Աթանեսի Միքայելյան Նորայր Աթանեսի Միքայելյան
Դիմածնոտային վիրաբուժության բաժնի վարիչ
Ռոզա Արամի Ղևոնդյան Ռոզա Արամի Ղևոնդյան
Դիմածնոտային վիրաբույժ
Արմեն Զավենի Թաթուլյան Արմեն Զավենի Թաթուլյան
Անեսթեզիոլոգ-Ռեանիմատոլոգ